ՄՏՐԱԿԻ ԵՎ ՔԱՂՑՐԱԲԼԻԹԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակին Իսրայելի քաղաքական ղեկավարությունը հրապարակեց շատ խորամանկ մի բանաձև. «Բանակցությունները պետք է վարել այնպես, կարծես ահաբեկչությունը գոյություն ունի, և պայքարել ահաբեկչության դեմ այնպես, կարծես այդ հարցի շուրջ բանակցություններ չկան»։ Այսօր այս խիստ պրագմատիկ մոտեցումը կիրառվում է հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների ու միջազգային կառույցների զինանոցում և դարձել է աքսիոմ ամենաբարդ հակամարտությունների լուծման համար։ Մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականությունը մենք նկատում ենք նաև ժամանակակից քաղաքականության ամենագլխավոր ինտրիգներից մեկի` Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների տրամաբանության և վեկտորի փոփոխության մեջ։ Ստեղծվել է շատ հետաքրքիր իրավիճակ, և եթե Իրանի «քաղաքական առևտուր» վարելու բազմադարյա փորձը ինքնաբավության զգացողություն է պարգևում, ապա մյուս բանակցող կողմը, հատկապես ԱՄՆ-ը, Թեհրանի նկատմամբ իր քաղաքականությամբ կարծես հակասում է ինքն իրեն։
Ինչպես նշված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում, Իրանը, ըստ ամերիկացիների, շարունակում է մնալ ահաբեկչությունը ֆինանսավորող հիմնական երկիրը։ Մյուս կողմից, պետդեպարտամենտը հայտարարում է, որ թեկուզ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից Իսրայելը որպես ռասիստական պետություն բնութագրելը «զայրացուցիչ» է, սակայն դա խոչընդոտ չէ ԱՄՆ-Իրան դիվանագիտական հարաբերությունների համար։ Հետաքրքիր տարանջատումներ են նկատվում Իրանի ատոմային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշումներում։ Պետքարտուղար Քլինթոնը Կոնգրեսում հայտարարում է, թե Իրանին շատ կոշտ պատժամիջոցներ են սպասում, և ԱՄՆ-ը հող է նախապատրաստում խիստ միջոցներ ձեռնարկելու ընդդեմ Թեհրանի։ Կրկին հայտարարվում է, որ Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծումը պայմանավորված է Իրանից բխող վտանգներով։ Եվ միաժամանակ նախագահ Օբաման, ի տարբերություն նախորդ ղեկավարության, շարունակում է պնդել, որ պետք է շարունակել «վեցյակի» բանակցություններն Իրանի հետ ու հասնել խնդիրների հանգուցալուծման։
Ավելին, ըստ ԱՄՆ-ից հնչող տեսակետների, այս տարվա հոկտեմբերը վերջին ժամկետն է, երբ դիվանագիտությունը կարող է պտուղներ տալ։ Իր հերթին Իրանի նախագահը հասկացրեց, որ Թեհրանում շատ դրական են գնահատում Բարաք Օբամայի նախաձեռնությունը և նախապատրաստում են առաջարկությունների նոր փաթեթ։ Որքանով Իրանի նոր առաջարկները գործնական կլինեն, և դրանց հիմքի վրա հնարավոր կլինի արդյունավետ բանակցություններ վարել, ցույց կտա ապագան։ Հարցն առայժմ բաց է, որովհետև բոլորովին չի բացառվում, որ դա կլինի արևելյան ոճով ծաղկուն տեքստ` Իրանի միջուկային ինքնուրույնության իրավունքի մասին։ Սակայն, միաժամանակ, պարզ է, որ եթե Թեհրանը մերժի երկխոսությունը, և բանակցություններն անարդյունք ավարտվեն, ապա կփոխվի նաև Վաշինգտոնի կեցվածքը, որը կսկսի մտածել Իրանի վրա ազդելու «այլ միջոցների» մասին։
Բնութագրական է նաև ԱՄՆ-ի նախագահի մեկ այլ նախաձեռնությունը, երբ նա առաջարկեց ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել նոր կոնտակտային խումբ` Աֆղանստանում և Պակիստանում իրավիճակի կարգավորման համար, ընդգրկելով այլ երկրների հետ նաև Իրանը։ Եթե նկատի ունենանք այս խնդրի առաջնահերթությունը ԱՄՆ-ի և անձամբ նախագահ Օբամայի համար, ինչպես նաև իրանցիների օրգանական անհամատեղելիությունը թալիբների հետ, ապա այստեղ նկատվում է իրանա-ամերիկյան հարաբերությունների կարգավորման դրական միտում։
Թեպետ իրանա-ամերիկյան հարաբերություններով զբաղվող քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն այսօր էլ բաժանվում են երկու բանակների։ Ավանդական հոռետեսներն արդեն ձևավորված սովորույթի համաձայն կանխատեսում են, որ ամեն ինչ կվերջանա պատերազմով կամ ԱՄՆ-ի կողմից Իրանի ռմբահարումով։ Հետաքրքիր է, որ նման կարծիքները հնչում են հիմնականում Իսրայելից, իսկ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն այն տեսակետին է, որ «այդպիսի հարված հասցնելը միայն կարգելակի Իրանի միջուկային ծրագիրը 2-4 տարով, և վնասն ավելի մեծ կլինի, քան օգուտը։ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն իր հերթին համարում է, որ ուժի գործադրման խորհուրդները գալիս են հոգեպես անհավասարակշիռ մարդկանցից։
Ինչ վերաբերում է լավատեսական կանխատեսումներին և հեռանկարներին, ապա դրանք կարծես հուսադրող են և բավականին իրատեսական։ Ամենից առաջ նույն Իսրայելն առաջին անգամ է, որ հանդես չի գալիս ընդդեմ Իրանի և Արևմուտքի երկխոսության և նույնիսկ անուղղակիորեն մասնակցում է։ Այդ մասին է վկայում Իսրայելի նախագահի խաղաղասիրական շնորհավորանքն Իրանի ժողովրդին` Նովրուզի հետ կապված։ Բացի այդ, լիբանանյան «Ալ-Լավա» թերթը հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ Բեյրութում, սկզբում ամերիկյան և ապա իրանական դեսպանատների տարածքում, տեղի են ունեցել իրանա-ամերիկյան բանակցություններ` նվիրված միջպետական հարաբերությունների կարգավորմանը։ Եվ վերջապես, քաղաքական «լակմուսի թղթի» դեր ունի իրանա-ամերիկյան հարաբերություններում Ռոքսանա Սաբերիի «գործը»։ ՈՒթ տարվա իրական պատժաժամկետը փոխարինվեց երկու տարվա պայմանական պատժաժամկետով, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ գործում առկա է քաղաքական ենթատեքստ։ Մանավանդ որ գլխավոր հերոսուհին հնարավորություն ստացավ վերադառնալու ԱՄՆ, իսկ նրա դատապաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի ազատ արձակմանն անձամբ է նպաստել Իրանի նախագահը, ինչպես նաև հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի աշխատակազմը։ Այսպիսով Թեհրանն արդեն իսկ ցույց է տալիս Վաշինգտոնին իր ճկունությունը և ճգնաժամային իրավիճակները հանգուցալուծելու կարողությունը, միաժամանակ ակնարկելով, որ հաջորդ քայլը պետք է լինի ԱՄՆ-ի կողմից` Հյուսիսային Իրաքում ձերբակալված իրանցի դիվանագետներին ազատ արձակելու ձևով։
Անշուշտ, կարևոր նշանակություն ունի Արևմուտք-Իրան համագործակցությունն էներգետիկ բնագավառում։ Իրանական նավթագազային ոլորտի ներկայացուցիչները վերջերս այցելեցին Գերմանիա և եվրոպացիներին անակնկալ մատուցեցին` իրանական գազն ուղղակիորեն Եվրոպա արտահանելու առաջարկով։ Ամենասենսացիոն նորույթն այս ոլորտում այն էր, որ Իրանի Սեֆիդ Բախոն վայրում գազի նոր հանքավայր է հայտնաբերվել` 6 տրիլիոն խմ պաշարներով։ Փորձագետների գնահատմամբ, դա արմատապես փոխում է Իրանի դիրքը գազի համաշխարհային շուկայում` հնարավորություն տալով 28 տրիլիոնից իր պաշարները հասցնելու 34 տրիլիոն խմ-ի։ Գազի ընդհանուր պաշարների ծավալով Իրանը փաստորեն զիջում է միայն Ռուսաստանին (47 տրիլիոն խմ), սակայն ունի մեկ էական առավելություն. ռուսական գազի չշահագործված հանքավայրերը գտնվում են կլիմայական անբարենպաստ գոտիներում, հիմնականում հյուսիսում, գազամատակարարման կառուցված համակարգերից հեռու։ Հետևապես, ռուսական գազի արտահանումը, որն արդեն այսօր թանկ է նստում, ապագայում ավելի է թանկանալու, և, ըստ այդմ, առավելություն ձեռք կբերեն իրանա-կովկասյան և դեպի Եվրոպա տանող այլ, ավելի կարճ ուղղությունները։
Իրանա-ամերիկյան հարաբերություններում ճեղքում կարելի է համարել նաև Թեհրանի պաշտոնական հրավերը ամերիկյան ընկերություններին` ներդրումներ կատարելու երկրի տնտեսության մեջ, այդ թվում` նավթային ոլորտում։ Բնութագրական է, որ այս տարի Իրանի նավթագազային և նավթաքիմիական արդյունաբերության հատուկ ցուցահանդեսին մասնակցելու համար Թեհրան էին ժամանել արտասահմանյան 450 ընկերություններ, որոնցից 5-ը ներկայացնում էին ԱՄՆ-ը։ Միաժամանակ Սպիտակ տունը Եվրասիայում էներգետիկ հարցերով ներկայացուցիչ է նշանակել Ռիչարդ Մորնինգսթարին, որը նույն գործունեությունն էր ծավալում 1990-ականներին Քլինթոնի վարչակազմում և խորամանկ դիվանագետի համարում ունի։ Նա որոշիչ դեր է խաղացել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման հարցում, և նրա շնորհիվ էր, որ Իրանի ազգային նավթային ընկերությունն այդ կոնսորցիումում ստացավ բաժնետոմսերի 10 տոկոսն ու արդեն տասը տարի համագործակցում է ամերիկացիների և բրիտանացիների հետ։ Իսկ այսօր շահերի համադրությունն ակնհայտ է։ ԱՄՆ-ը և Եվրոպան առանց իրանական գազի չեն կարող լուծել էներգաապահովման հիմնական խնդիրները, Իրանն իր հերթին հազիվ թե կարողանա առանց ամերիկյան և եվրոպական ներդրումների, արևմտյան ընկերությունների ակտիվ մասնակցության ու տեխնիկական օգնության արագ դուրս գալ ներկայիս տնտեսական ճգնաժամից։
Առայժմ, սակայն, տարաձայնությունները պահպանվում են։ Դրանք առկա են ԱՄՆ-ի կառավարող էլիտայի տարբեր թևերի միջև, չկա վերջնականապես մշակված ու համաձայնեցված ծրագիր Իրանի նկատմամբ վարվող քաղաքականության վերաբերյալ։ Դա հավանաբար կձևավորվի Իրանում նախագահական ընտրությունների ավարտից հետո։ Այսպես թե այնպես Իրանի շուրջ արևմտյան դիրքորոշումների հստակեցման համար երկար ժամանակ չի մնացել։ Այդ գործընթացը, անշուշտ, իր ազդեցությունը կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա, հատկապես հայ-իրանական բավականին սերտ հարաբերությունների լույսի ներքո։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ